|
|
Պարզաբանումներ սոցիալական ապահովության քարտերի վերաբերյալ
Հարց 1. Ի՞նչ է սոցիալական քարտը: Սոցիալական քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հատկացվող փաստաթուղթ է:
Հարց 2. Ո՞րն է սոցիալական քարտի` որպես փաստաթղթի, առանձնահատկությունը: Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող փաստաթղթերի համարները փոփոխվող են, այսինքն` եթե, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, փոխվում է քաղաքացու որևէ փաստաթուղթ, ապա փոխվում է նաև դրա համարը: Այլ է մոտեցումը սոցիալական ապահովության քարտերի դեպքում. ինչպես ամրագրված է "Սոցիալական ապահովության քարտերի մասին" ՀՀ օրենքում, այն ունի եզակի և անփոփոխ համար, այսինքն` տարբեր քաղաքացիների հատկացված քարտերը երբեք չեն կարող ունենալ նույն համարը, իսկ քաղաքացուն հատկացված քարտի համարը երբեք չի փոխվում: Եթե քաղաքացին ինչ-ինչ պատճառով ստանա նոր քարտ, ապա այն կունենա նախորդի համարը:
Հարց 3. Ո՞րն է սոցիալական քարտերի համակարգ ներդնելու իմաստը: Սոցիալական քարտերի համակարգի ներդրման ամբողջ իմաստն ամփոփված է քարտի համարի կիրառման մեջ, որն, ինչպես արդեն նշվել է, եզակի է ու անփոփոխ: Անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաներում սոցիալական քարտի համարը կկիրառվի որպես անձին նույնականացնելու միջոց, որի շնորհիվ կկանոնակարգվեն և կբարելավվեն տվյալներ մշակելու և օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն փոխանակելու ընթացակարգերը:
Հարց 4. Ինչու՞ առաջացավ սոցիալական քարտերի համակարգ ներդնելու անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների տեղեկատվական բազաներում առկա տվյալների օգտագործման կիրառվող մեթոդներն այսօր հնարավորություն չեն տալիս օպերատիվորեն փոխանցել (ստանալ) անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ տեղեկանքների միջոցով տեղեկատվություն փոխանակելը, մի կողմից, տեղիք է տալիս բազում չարաշահումների, մյուս կողմից` մեծացնում է ոչ հավաստի (սխալ) տեղեկատվության շրջանառությունը: Վերոհիշյալ հանգամանքներն էապես նվազեցնում են պետական կառավարման մարմինների աշխատանքների արդյունավետությունը, իրականացվող ծրագրերի հասցեականությունը` խոչընդոտելով քաղաքացիների իրավունքների պատշաճ իրականացումը: Վերը նշված և դրանց հետ փոխկապակցված հիմնախնդիրների լուծումը ենթադրում է հասարակական կյանքի մի շարք բնագավառներում (մասնավորապես` սոցիալական, հարկային, ֆինանսական) պետության կողմից որոշակի քայլերի իրականացում, որի համատեքստում կատարվելիք մեկ քայլ է նաև արդի տեղեկատվական տեխնոլոգիաների, այսինքն` համակարգչավորված տեղեկատվական համակարգերի և անձին նույնականացնելու անփոփոխ, եզակի ու միասնական միջոցի կիրառումը:
Հարց 5. Գործնականում կիրառելի ի՞նչ առավելություններ ունեն համակարգչավորված տեղեկատվական համակարգերը: Պետական կառավարման ցանկացած ոլորտում ներկայումս իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը պայմանավորված է հավաստի և կառավարելի տեղեկատվության առկայությամբ: Կառավարելի և հավաստի տեղեկատվություն ունենալու հնարավորություն ընձեռում է համակարգչավորված տեղեկատվական բազաների կիրառումը, ինչը թույլ կտա`
- արդյունավետորեն հավաքել և պահել անհրաժեշտ տվյալներ,
- անկախ վաղեմության ժամկետից և անձին վերաբերող որևէ տվյալի (անուն, ազգանուն, անձնագրի համար և այլն) փոփոխությունից` կարճ ժամկետում և առանց ավելորդ քաշքշուկների ստանալ և օգտագործել հավաստի տեղեկատվություն,
- կատարել տվյալների ավտոմատ փոխանակություն, ինչը անձին կազատի պետական մարմիններից զանազան տեղեկանքներ ձեռք բերելու և այլ պետական մարմիններին ներկայացնելու պարտավորությունից` նվազեցնելով չարաշահումների և սխալվելու հավանականությունը:
Այս ամենի շնորհիվ կստեղծվեն քաղաքացիների իրավունքների և պարտականությունների պատշաճ իրականացումն ապահովող գործուն մեխանիզմներ:
Հարց 6. Կարելի՞ է սոցիալական քարտը գործածել որպես անձը հաստատող փաստաթուղթ: Ոչ, սոցիալական քարտը անձը հաստատող փաստաթուղթ չէ և չի կարող գործածվել որպես այդպիսին: Սոցիալական քարտի վրա նշված են քարտի համարը, քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, սոցիալական քարտը հատկացնելու օրը, ամիսը, տարին, ինչպես նաև քարտը հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը: Սոցիալական քարտը գործածելի է այն հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ծննդյան վկայական և այլն) հետ ներկայացնելիս:
Հարց 7. Այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել անձը հաստատող փաստաթուղթը փոխվելու դեպքում: Եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով փոխվել է Ձեր անձը հաստատող փաստաթուղթը (լրացել է Ձեր 16 տարին, և Դուք ստացել եք անձնագիր, կորցրել եք Ձեր անձնագիրը և սահմանված կարգով ստացել նորը և այլն), ապա Դուք պետք է դիմեք նոր սոցիալական քարտ ստանալու համար, որի վրա կնշվեն Ձեր անձը հաստատող նոր փաստաթղթի սերիան և համարը:
Հարց 8. Հնարավոր չէ՞ր արդյոք գործածության մեջ գտնվող որևէ փաստաթղթի (օրինակ` անձնագրի) համարը դարձնել անփոփոխ, այլ ոչ թե ներդնել նոր համակարգ: Հարցը տեղին է: Սակայն այդօրինակ հնարավորությունը պետք է դիտարկել կոնկրետ փաստաթղթի օգտագործման, դրանց միջոցով լուծվելիք խնդիրների համատեքստում: Փոքրիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե անձնագրի համարն անփոփոխ լինի, ապա անձին հնարավորություն կտրվի հանդես գալ տարբեր տվյալներով (անուն, ազգանուն, ծննդյան թիվ և այլն), քանի որ նա կարող է ունենալ նույն համարի մի քանի անձնագիր` տարբեր տվյալներով: Այսինքն, շրջանառության մեջ կլինի նույն համարի երկու, գուցե և ավելի անձնագիր, և դրանք կիրառելիս գործնականում անհնար կլինի պարզել, թե դրանցից որն է վավերական, քանի որ անվավեր համարվում է տվյալ համարի անձնագիրը: Իսկ սոցիալական քարտի համարն ընդհանուր ոչինչ չունի քարտի վավերական կամ անվավեր լինելու հետ: Քանի որ քարտի համարն անփոփոխ է, ապա խոսք անգամ լինել չի կարող որևէ համարի քարտ անվավեր համարելու մասին: Տվյալ քարտը կիրառելի է (վավերական է), եթե նրա հետ ներկայացվող` անձը հաստատող փաստաթուղթը վավերական է, և դրա սերիան ու համարը համընկնում են քարտի վրա նշված` քարտ հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի սերիային և համարին և հակառակը` քարտը կիրառելի չէ (վավերական չէ), եթե նրա հետ ներկայացվող` անձը հաստատող փաստաթուղթը վավերական չէ կամ դրա սերիան ու համարը չեն համընկնում քարտի վրա նշված` քարտ հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի սերիային և համարին: Այսպիսով, տվյալ սոցիալական քարտի կիրառելիությունը (վավերականությունը) պայմանավորված է այն հատկացնելու համար հիմք հանդիսացող` անձը հաստատող փաստաթղթով: Իսկ արդի տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում հեշտությամբ կանխել անձը հաստատող անվավեր փաստաթղթի (նաև սոցիալական քարտի) կիրառումը:
Հարց 9. Ի՞նչ է սոցիալական քարտերի տեղեկատվական բազան: Սոցիալական քարտերի տեղեկատվական բազան սոցիալական քարտեր ստացած քաղաքացիների անհատական տվյալների ամբողջությունն է, որը ներառում է քաղաքացիների սոցիալական քարտերի համարները, ինչպես նաև քաղաքացիներին վերաբերող հետևյալ տվյալները.
- անունը, ազգանունը և հայրանունը,
- ծննդյան օրը, ամիսը և տարին,
- սեռը,
- քարտ հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
- մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին:
Քաղաքացու մասին այլ տվյալներ սոցիալական քարտերի տեղեկատվական բազայում չեն ներառվելու:
Հարց 10. Կա՞ն արդյոք երկրներ, որտեղ գործում են այդպիսի համակարգեր: Այդպիսի համակարգեր գործում են բոլոր քիչ թե շատ զարգացած սոցիալական ապահովության համակարգ ունեցող երկրներում` Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա և այլն: Քիչ չեն նաև այն երկրները, որոնք վերջերս են ներդրել այդպիսի համակարգ կամ այժմ գտնվում են ներդրման փուլում: Այս համակարգերը հիմնականում կիրառվում են երկու ոլորտներում` սոցիալական և հարկային (նշված մոտեցումն ընդունված է, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և այլն): Սոցիալական քարտերի համակարգի ներդրումը չի բացառում այլ ոլորտներում և այլ մարմինների կողմից որոշակի բնագավառում օգտագործվող քարտերի ներդրումը:
Հարց 11. Ինչո՞վ օգտակար կլինի սոցիալական քարտը ինձ կամ իմ ամուսնուն, մանավանդ որ իմ ամուսինը չի աշխատում: Ակնկալվելիք բոլոր արդյունքները ներկայացնելն անհնարին է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը: Ձեր և Ձեր գործատուի կողմից կատարվող սոցիալական վճարումներին վերաբերող տեղեկատվությունը կարտացոլվի ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում ձևավորվելիք Ձեր անհատական հաշվում, այսինքն` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կտարվի Ձեր կատարած սոցիալական վճարումների, աշխատանքային ստաժի անձնավորված հաշվառում: Սա զգալիորեն կկատարելագործի սոցիալական ապահովագրության համակարգը, որտեղ նախատեսվում է իրականացնել կենսաթոշակների չափերի աստիճանական բարձրացումª միաժամանակ կապ ստեղծելով աշխատավարձի, դրանից կատարված սոցիալական վճարումների և կենսաթոշակի չափերի միջև: Քաղաքացիներին վերաբերող տվյալների միջոլորտային փոխանակման գործընթացի արդյունավետության բարձրացման շնորհիվ Դուք և Ձեր ամուսինը կազատվեք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ առնչվելիս զանազան տեղեկանքներ վերցնելու և ներկայացնելու պարտավորությունից: Ձեր անհատական տվյալները չեն շփոթի Ձեր անվանակցի անհատական տվյալների հետ, ինչը լրացուցիչ մեխանիզմ կստեղծի անձնական կյանքի գաղտնիության Ձեր սահմանադրական իրավունքը իրացնելու համար:
Հարց 12. Մի՞թե սա նշանակում է, որ ես այլևս աշխատանքային գրքույկի կարիք չեմ ունենա: Աշխատանքային գրքույկները վերացնելու ծրագրեր չկան, սակայն ժամանակի ընթացքում դրանց անհրաժեշտությունը կնվազի, և ի վերջո կարիքը չի զգացվի£
Հարց 13. Ինչպե՞ս կարելի է ստանալ սոցիալական քարտը: Սոցիալական քարտ ստանալու համար քաղաքացին լրացնում է սոցիալական քարտ ստանալու հայտ և այն անձամբ կամ այլ անձի միջոցով ներկայացնում իրավասու մարմին` զբաղվածության տարածքային կենտրոն (գործազուրկների հաշվառում իրականացնող մարմին) կամ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (ընտանեկան նպաստ հատկացնող մարմին), կամ սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոն (կենսաթոշակ նշանակող մարմին): Հայտում տվյալները լրացնելիս հիմք են ընդունվում "Սոցիալական ապահովության քարտերի մասին" ՀՀ օրենքով սահմանված փաստաթղթերը: Հայտը ներկայացնելուց մեկ ամիս հետո քաղաքացին անձամբ, իր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով, կամ նրա ներկայացուցիչը` համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, ստանում է քարտն այն մարմնից, որտեղ ներկայացվել է հայտը: Հայտը ներկայացնելու և քարտն ստանալու փաստը տարածքային կենտրոնում ամրագրվում է հայտերի հաշվառման մատյանի համապատասխան դաշտում քաղաքացու կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ, իսկ հայտ ներկայացնելիս քաղաքացուն տրամադրվում է նաև ստացական:
Հարց 14. Պարտադի՞ր է, որ ես դիմեմ այն իրավասու մարմին, որի շահառուն եմ, կամ այն իրավասու մարմին, որի կողմից սպասարկվող տարածքում եմ բնակվում: Ոչ, պարտադիր չէ: Իրավասու մարմնի աշխատակիցը պարտավոր է համապատասխան ընթացք տալ Ձեր ներկայացրած հայտին` անկախ Ձեր բնակության վայրից և այս կամ այն ծառայության շահառու լինելուց: Այսինքն, Դուք կարող եք հայտ ներկայացնել այն տարածքային կենտրոն, որը հարմար եք գտնում, օրինակ` Ձեր աշխատավայրի հարևանությամբ տեղակայված իրավասու մարմին: Բայց մի բան հստակ է` քարտը ստանում եք այն մարմնից, որտեղ ներկայացրել եք Ձեր հայտը:
Հարց 15. Ո՞վ է համարվում անձի ներկայացուցիչ: Քաղաքացու ներկայացուցիչ են համարվում. մինչև 16 տարեկան քաղաքացու համար` նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն), դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու համար` նրա խնամակալը կամ հոգաբարձուն, 16 տարեկանը լրացած քաղաքացու համար` նրա լիազորած անձը (ընդ որում լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում): Սա նշանակում է, որ այն քաղաքացին, ով ստանում է այլ անձի քարտ, պետք է ներկայացնի համապապատասխան փաստաթուղթ, ասենք` լիազորագիրը կամ խնամակալ ճանաչվելու մասին դատարանի վճիռը: Հարկ է ուշադրություն դարձնել, որ եթե քաղաքացու քարտը ստանում է նրա ներկայացուցիչը, պարտադիր է ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի առկայությունը, որի սերիան և համարը, համաձայն գործող կարգի, կնշվի հայտերի հաշվառման մատյանում:
Հարց 16. Որո՞նք են անձը հաստատող այն փաստաթղթերը, որոնց հիման վրա լրացվում է սոցիալական քարտ ստանալու հայտը: Սոցիալական քարտ ստանալու հայտը լրացվում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա, մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիների համար` ՀՀ տարածքում վավերական համարվող ծննդյան վկայական, 16 տարեկան դարձած ՀՀ քաղաքացիների համար` ՀՀ քաղաքացու անձնագիր (կապույտ նմուշի), մինչև 16 տարեկան փախստականների համար` ծննդյան վկայական, 16 տարեկան դարձած փախստականների համար` նոր նմուշի (կարմիր) փախստականի վկայական, օտարերկրյա քաղաքացիների համար` կացության քարտ (հատկացվում է այն երկրների քաղաքացիներին, որոնք ՀՀ մուտք գործելու համար պետք է մուտքի թույլատվություն ունենան), օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր ՀՀ ժամանելիս մուտքի թույլատվության անհրաժեշտություն չունեն (ԱՊՀ անդամ երկրներ), իրենց` քաղաքացու անձնագիրը կամ ծննդյան վկայականը: Չի թույլատրվում հայտ ներկայացնել անձը հաստատող այլ փաստաթղթերի հիման վրա (զինգրքույկ, վարորդական իրավունքի վկայական և այլն): Սոցիալական քարտ հատկացնելու Ձեր հայտը կմերժվի նաև, եթե լրացել է Ձեր 16 տարին, և Դուք հայտ եք ներկայացրել ծննդյան վկայականի հիման վրա կամ ցանկանում եք հայտ ներկայացնել խորհրդային նմուշի անձնագրի հիման վրա: Այս հանգամանքն ամրագրված է "Սոցիալական ապահովության քարտերի մասին" ՀՀ օրենքում:
Հարց 17. Ի՞նչ անել այն դեպքում, երբ անձը ՀՀ քաղաքացու անձնագիր չունի: 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին սոցիալական քարտ հատկացնելու համար հիմք է ՀՀ քաղաքացու անձնագիրը, հետևաբար մինչև սոցիալական քարտ ստանալու համար դիմելը պետք է ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:
Հարց 18. Ինչպե՞ս վարվել, եթե իմ երեխայի ծննդյան վկայականը տրվել է արտերկրում: Արտերկրում ծնված ՀՀ քաղաքացուն տվյալ երկրի համապատասխան մարմնի տված ծննդյան վկայականը ՀՀ տարածքում վավերական է: Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ վավերական են համարվում նաև ՀՀ քաղաքացիների խորհրդային նմուշի ծննդյան վկայականները: Այսինքն, դրանք կարող են սոցիալական քարտ հատկացնելու համար հիմք հանդիսանալ: Այստեղ կարող է առաջանալ միայն լեզվական խնդիր, քանի որ նշված փաստաթղթերում գրանցումները կատարված են օտար լեզվով, իսկ ՀԽՍՀ պատկան մարմինները տվել են նաև ռուսաց լեզվով լրացված ծննդյան վկայականներ, մինչդեռ սոցիալական քարտ ստանալու հայտը պետք է լրացվի հայերեն: Այս դեպքերում, անկախ փաստաթղթում նշված լեզվից, հայտում նշվում են անձի անվան, ազգանվան և հայրանվան հայերեն տարբերակները: Այս կերպ պետք է վարվել նաև այն դեպքում, երբ հայտ է ներկայացվում 16 տարին չլրացած փախստականի համար: Նշված դեպքերում հայտին կցվում է նաև ծննդյան վկայականի պատճենը:
Հարց 19. Ինչպե՞ս վարվել, եթե իմ սոցիալական քարտը կորել է կամ գործածության համար դարձել ոչ պիտանի: Եթե Ձեր սոցիալական քարտը կորել է կամ գործածության համար դարձել ոչ պիտանի, ապա Դուք պետք է դիմեք սոցիալական քարտի կրկնօրինակ ստանալու համար: Նշված դեպքում, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի փոխվելու հետևանքով նոր սոցիալական քարտ ստանալու համար քաղաքացին դիմում է նույն ընթացակարգով, որով դիմել է առաջին անգամ քարտ ստանալիս: Պարզապես այս դեպքերում լրացվում է սոցիալական քարտ ստանալու նոր հայտ, որը որոշակիորեն տարբերվում է սոցիալական քարտ ստանալու հայտի ձևից:
Հարց 20. Սոցիալական քարտ ստանալու համար պե՞տք է վճարել: Ոչ: Սոցիալական քարտ ստանալու համար քաղաքացին որևէ վճարում չի կատարում:
Հարց 21. Ի՞նչ այլընտրանքային հնարավորություն է ստեղծված սոցիալական քարտից հրաժարվող անձանց համար իրենց իրավունքներն իրականացնելիս: Այդպիսի անձինք կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն եւ ստանալ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված որոշ գործառույթներ իրականացնելիս սոցիալական քարտի փոխարեն կարող են ներկայացնել այդ տեղեկանքը: Այդ գործառույթները սահմանված են "Սոցիալական ապահովության քարտերի մասին" ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:
Հարց 22. Ինչպե՞ս կարող է սոցիալական քարտից հրաժարվող անձը ստանալ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք: ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն` քաղաքացին սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք ստանալու համար անձամբ կամ փոստային ծառայության միջոցով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևի դիմում` դիմումին կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նա դիմումի ձևաթուղթ կարող է ձեռք բերել նախարարությունից կամ սոցիալական քարտի հատկացումն ապահովող իրավասու մարմիններից): Ի պատասխան դիմումի` նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ն քաղաքացուն` դիմումում նշված հասցեով փոստային ծառայության միջոցով ուղարկում է սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը կամ դիմումի մերժումը:
Հարց 23. Ե՞րբ կարող է քաղաքացուն մերժվել սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը հատկացնելը: Տեղեկանք հատկացնելը մերժվում է, եթե քաղաքացուն հատկացված է սոցիալական քարտ և քաղաքացին չի դիմել դրանից հրաժարվելու համար, կամ դիմումին կցված չէ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, կամ դիմումը թերի է լրացված, կամ դիմումում նշված գործառնության համար ՀՀ օրենսդրության համաձայն` կիրառելի չէ տեղեկանքը:
Հարց 24. Ինչպե՞ս կարելի է լրացուցիչ պարզաբանումներ ստանալ սոցիալական քարտերի համակարգի վերաբերյալ: Սոցիալական քարտերի մասին լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ զանգահարել 56-42-10, 52-14-31 հեռախոսահամարներով:
|
|