|
Հաշմանդամների և տարեցների օրենսդրությանը վերաբերող պարզաբանումներ
Հարց 1. Ո՞վ է համարվում հաշմանդամ անձ: Հաշմանդամ` անձ, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն:
Հարց 2. Ո՞վ է անձին սահմանում հաշմանդամություն: Անձին հաշմանդամություն սահմանում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները:
Հարց 3. Ի՞նչ կարգավիճակ է տրվում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին: Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին սահմանվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ, իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` հաշմանդամ երեխայի կարգավիճակ:
Հարց 4. Ի՞նչ է բժշկասոցիալական փորձաքննությունը: Բժշկասոցիալական փորձաքննությունը հիվանդության, խեղման կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված կենսագործունեության սահմանափակումների գնահատման հիման վրա հաշմանդամության uահմանումը, ինչպեu նաեւ հաշմանդամի վերականգնման և սոցիալական պաշտպանության տեսակների որոշումն է:
Հարց 5. Ի՞նչ է հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը: Հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը տնտեսական, սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ է, որը հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների ապահովմանը:
Հարց 6. Ի՞նչ է հաշմանդամների վերականգնումը: Հաշմանդամների վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումները, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը:
Հարց 7. Ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամների վերականգնումը: Հաշմանդամների վերականգնումն իրականացվում է հաշմանդանների վերականգնման անհատական ծրագրին համապատասխան:
Հարց 8. Ի՞նչ է հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը: Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցների երաշխավորված ցանկ է:
Հարց 9. Ո՞ր իրավական ակտերով է կարգավորվում հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրումը: Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և վերականգնողական պարագաներով ապահովումը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով /1993 թ./ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ-ի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ-ի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշմամբ:
Հարց 10. Ու՞մ է տրամադրվում հաշմանդամի սայլակ: Հաշմանդամի սայլակներ տրամադրվում են առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին` ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի եզրակացության հիման վրա:
Հարց 11. Որտեղի՞ց և ինչպե՞ս հաշմանդամը կարող է ստանալ սայլակ: Սայլակ ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմի սոցիալական ծառայությունների տարածքային մարմին (ՍԾՏՄ)` ներկայացնելով անձնագիրը, մինչև 18 տարեկանների համար` ծնողներից մեկի անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը, հաշմանդամության քաղվածք-տեղեկանքը, տարածքային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի եզրակացությունը սայլակ ստանալու անհրաժեշտության վերաբերյալ, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` վերականգնողական անհատական ծրագիրը` ՎԱԾ: ՍԾՏՄ-ն քաղաքացուն հատկացնում է տեղեկանք` «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ից սայլակ ստանալու համար (հասցեն` Երևան, Ծարավ-Աղբյուրի 55ա):
Հարց 12. Ին՞չ ժամկետով է տրվում հաշմանդամի սայլակը: Հաշմանդամի սայլակը հատկացվում է 3 տարի ժամկետով:
Հարց 13. Ու՞մ է տրամադրվում լսողական սարք ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Լսողական սարք տրամադրվում է հաշմանդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին և տարիքային կենսաթոշակառուներին /համապատասխան բժշկական և այլ փաստաթղթերի հիման վրա/:
Հարց 14. Որտեղի՞ց և ինչպե՞ս անձը կարող է ստանալ լսողական սարք: Լսողական սարք ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է դիմի սոցիալական ծառայությունների տարածքային մարմին (ՍԾՏՄ)` ներկայացնելով սուրդոլոգի եզրակացությունը, անձնագիրը, մինչև 16 տարեկանների համար` ծնողներից մեկի անձնագիրը և երեխայի ծննդյան վկայականը, տարիքային կենսաթոշակառուները` կենսաթոշակի վկայականը, հաշմանդամները` հաշմանդամության քաղվածք-տեղեկանքը, իսկ հաշմանդամներն առաջին անգամ ստանալու դեպքում` վերականգնողական անհատական ծրագիրը` ՎԱԾ (բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովից): ՍԾՏՄ-ն քաղաքացուն հատկացնում է տեղեկանք` «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ից լսողական սարք ստանալու համար (հասցեն` Ծարավ-Աղբյուրի 55ա):
Հարց 15. Ին՞չ ժամկետով է հատկացվում լսողական սարքը: Լսողական սարքը հատկացվում է 3 տարի ժամկետով:
Հարց 16. Որտե՞ղ և ինչպե՞ս դիմել հաշմանդամ ճանաչվելու համար: Հաշմանդամ ճանաչվելու համար պետք է դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կլրացվի բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիր` 88 ձև, որը պետք է ներկայացնել տարածքային բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (ԲՍՓՀ): Կրկնակի փորձաքննության դեպքում հաշմանդամը կարող է անմիջապես դիմել ԲՍՓՀ:
Հարց 17. Ո՞ր իրավական ակտով են սահմանված զին-հաշմանդամների իրավունքներն ու արտոնությունները: Զին-հաշմանդամների իրավունքներն ու արտոնությունները սահմանված են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով:
Հարց 18. Ովքե՞ր են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք: Այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցածները:
Հարց 19. Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբասիր աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձինք ի՞նչ իրավունք ունեն: Օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքից:
Հարց 20. Բացի բնակչության առանձին սոցիալական խմբերից, էլ ովքե՞ր են օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից: Անապահովության 36,00 և ավել միավոր ունեցողները:
Հարց 21. Նախկին անհատական կենսաթոշակառուն ի՞նչ արտոնությունից է օգտվում: Օգտվում են ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձերը 50% զեղչով վճարելու արտոնություններից:
Հարց 22. Հաշմանդամները պետական պատվերի շրջանակներում որտե՞ղ իրավունք ունեն ստանալու անվճար բժշկական օգնություն և սպասարկում: Ստացիոնար բուժհիմնարկում և պոլիկլինիկայում:
Հարց 23. Ո՞վ և ինչպե՞ս կարող է ընդունվել տուն-ինտերնատ: Տուն-ինտերնատ կարող է ընդունվել միայնակ, օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող կենսաթոշակառուն: Տուն-ինտերնատ ընդունվելու համար անհրաժեշտ է դիմել սոցիալական ծառայության տարածքային գործակալություն: Այստեղ լրացվում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հետո պետք է ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` հաշվառվելու և ապա տուն-ինտերնատում տեղավորվելու համար:
Հարց 24. Որքա՞ն է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների համար պատվովճարի չափը: Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվավճարը 2008թ. հուլիսի 1-ից դարձել է 20.000 դրամ:
Հարց 25. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների ո՞ր արտոնություններն են պահպանվել: Պահպանվել են ՀՄՊ հաշմանդամ վետերանների կոմունալ ծառայությունների գծով որոշ արտոնություններ` բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն և բուժսպասարկում, այդ թվումª դեղորայք ստանալու արտոնությունները: Պահպանվել է նաև ՀՄՊ վետերանների ԱՊՀ անդամ երկրների տարածքում արտոնյալ պայմաններով, տարին մեկ անգամ կտրոններով երթևեկելու արտոնությունը:
Հարց 26. Զինհաշմանդամները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները ի՞նչ արտոնություններից են օգտվում: Հաշմանդամ դարձած զինծառայողին գազի, ջրամատակարարման ծառայություններից և տրանսպորտից օգտվելու համար 2009թ. հունվարի 1-ից տրամադրվում է դրամական օգնություն` ամսական 9100 դրամի չափով: Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև օրենքով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքների անդամներին) տրամադրվում է դրամական օգնություն` ամսական 9100 դրամի չափով: Եթե ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 3000 դրամ: Նշված անձինք օգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:
Հարց 27. Ովքե՞ր կարող են ստանալ տնային պայմաններում սոցիալական սպասարկման ծառայություն: Ծառայությունից կարող են օգտվել ծերության սոց. կենսաթոշակային տարիքի հասած միայնակ կենսաթոշակառուները և միայնակ չափահաս հաշմանդամները` դիմելով սոցիալական ծառայության տարածքային գործակալություն կամ "Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն"(Հարավ-Արևմտյան Բ-1 թաղամաս, հեռ.` 74-04-02):
Հարց 28. Ովքե՞ր ունեն պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճար ստանալու իրավունք ունեն Հայրենական մեծ պատերազմի վետերանները:
Հարց 29. Ի՞նչ արտոնություններից են օգտվում բռնադատվածները: Բռնադատվածները` համաձայն "Բռնադատվածների մասին" ՀՀ օրենքի, օգտվում են հետևյալ արտոնություններից.
- ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու,
- բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, նախկին բնակության կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում, բնակարանային անհատական շինարարության կամ տուն գնելու նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու, որի համար նախարարություն պետք է ներկայացնել բռնադատվածի վկայականի պատճենը, արդարացման տեղեկանքը և ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին տեղեկանք` /բնակարանային պայմանների կարիքավորության չափանիշ է համարվում, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամին բաժին ընկնող բնակմակերեսը չի գերեզանցում 5 քառ.մետրը /, իսկ անավարտ կամ վթարային բնակելի տուն ունենալու դեպքում` շինարարության պատրաստվածության կամ վթարայնության աստիճանի վերաբերյալ տեղեկանք` տրված Հայպետսեյսմշինից,
- հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 12-պատիկի չափով միանվագ դրամական փոխհատուցում ստանալու, որի համար նախարարություն պետք է ներկայացնել բռնադատվածի վկայականի և անձնագրի պատճեները,
- պետական պատվերի շրջանակում անվճար բուժօգնություն և 50% զեղչով դեղորայք ստանալու արտոնություններից:
Բռնադատվածների առաջին հերթի ժառանգներն օգտվում են միայն արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու արտոնությունից:
Հարց 30. Որքա՞ն է Հայրենական մեծ պատերազմի վետերանների դրամական օգնության չափը: ՀՄՊ հաշմանդամների և նրանց հավասարեցված անձինք ստանում են 6.800 դրամ, իսկ ՀՄՊ մասնակից վետերանները և նրանց հավասարեցված անձինք` 4.500 դրամ:
|