Մեր մասին Ոլորտներ Կենսաթոշակային բարեփոխումներ Օրենսդրություն Ծրագրեր և նախագծեր Հարց - Պատասխան Լուրեր Տեղեկատու Սկիզբ
     
  ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
  ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ
  ՖՈՐՈՒՄՆԵՐ
 
Տեխնոլոգիաներ
 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Հարց - Պատասխան Զբաղվածության օրենսդրություն  
Սոցիալական աջակցություն
Ընտանեկան նպաստ
Սոցիալական ապահովության քարտեր
Սոցիալական ապահովագրության օրենսդրություն
Կենսաթոշակային ապահովության օրենսդրություն
Հաշմանդամների և տարեցների օրենսդրություն
Աշխատանքի օրենսդրություն
Աշխատավարձի օրենսդրություն
Զբաղվածության օրենսդրություն
Երեխաների հիմնահարցերի օրենսդրություն
Մասնագիտական կողմնորոշում

Պարզաբանումներ զբաղվածության օրենսդրության վերաբերյալ

Հարց 1. Ովքե՞ր են համարվում աշխատանք փնտրող անձինք:
Աշխատանք փնտրող են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատանքային տարիքի հասած` 16 տարին լրացած այն գործունակ անձինք, ովքեր, անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն:
("Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդված 6)

Հարց 2. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի աշխատանք փնտրող անձը զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցվելու համար:
Աշխատանքի տեղավորման հարցով տարածքային կենտրոն դիմող` զբաղված անձը որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար ներկայացնում է`
ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
բ) սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք),
գ) կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթը:
(ՀՀ կառավարության  մարտի 23-ի թիվ 472-Ն որոշման մեջ 2008թ. ապրիլի 25-ի թիվ 395-Ն որոշմամբ կատարված փոփոխության համաձայն)

Հարց 3. Ովքե՞ր կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ:
Գործազուրկ են համարվում աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի տեսակների), աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են  գործազուրկի կարգավիճակ: 
Գործազուրկի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 7 օրվա ընթացքում:
("Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդված 7)

Հարց 4. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել` գործազուրկի կարգավիճակ ստանալու համար:
Զբաղվածության պետական ծառայություն դիմող անձին "Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով գործազուրկի կարգավիճակ է տրվում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում`
ա) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
ա. 1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանք աշխատանք փնտրող չզբաղված անձի կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի) չստանալու մասին,  
բ) սոցիալական քարտ կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը,
գ) ապահովագրական ստաժը հաստատող փաստաթուղթ (աշխատանքային գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
դ) զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք),
ե) կրթության մասին փաստաթուղթ (կրթություն ունեցողները),
զ) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք փաստացի բնակության վայրի մասին բնակության վայրի մշտական կամ ժամանակավոր հաշվառում չունենալու կամ մշտական կամ ժամանակավոր հաշվառման վայրից դուրս բնակվելու դեպքում,
է) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկատվություն (տեղեկանք) անձի աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակներով զբաղված լինելու ժամանակահատվածում կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների և կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների մասին,
ը) իրավասու մարմնի կողմից տրված տեղեկատվություն (տեղեկանք) աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մասին:
(ՀՀ կառավարության 2006թ. մարտի 23-ի թիվ 472-Ն որոշման թիվ 2 հավելվածի մեջ` 2008թ. ապրիլի 25-ի թիվ 395-Ն որոշմամբ կատարված փոփոխության համաձայն)

Հարց 5. Ինչպիսի՞ իրավական երաշխիքներից կարող են օգտվել աշխատանք փնտրող անձինք և գործազուրկները:
1. Աշխատանք փնտրող անձինք իրավունք ունեն`
 1) զբաղվածության պետական ծառայությունից անվճար ստանալու բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ անվճար խորհրդատվության.
 2) զբաղվածության պետական ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ անվճար տեղեկությունների ստացման, հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.
 3) զբաղվածության պետական ծառայության պաշտոնատար անձանց և գործատուների գործողությունների և անգործության վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:
2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության: Հաշմանդամներին երաշխավորվում է կրթաթոշակի վճարում մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնման դասընթացներում սովորելու ընթացքում:               
3. Երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք իրավունք ունեն վերամասնագիտացման: 
4. Գործազուրկները, սույն 1) կետում նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունեն նաև`
 1) անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման (մասնագիտական կրթություն և որակավորում ունեցողները), անվճար նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողները), որի կարգը սահմանում է Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը.
 2) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.
 3) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
("Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդված 19)

Հարց 6. Որո՞նք են աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և նրանց տրվող լրացուցիչ երաշխիքները:
Սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների իրավունք ունեն աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը.
1) հաշմանդամները.
2) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած և վերադառնալուց հետո` վեց ամսվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն դիմած անձինք.
3) աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում. 
4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն մեկ տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.
5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց սույն օրենքի 28-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված իրավունքը ձեռք բերելու տարիքին մնացել է մինչև  հինգ տարի.
6) երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք.
7) փախստականները:
Վերը նշված անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով զբաղվածության պետական ծառայությունը հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների հետ համատեղ մշակում և իրականացնում է մասնագիտական ուսուցման, ինչպես նաև աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագրեր:
("Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդված 20)

Հարց 7. Սոցիալական պաշտպանության ինչպիսի՞ երաշխիքներից կարող են օգտվել գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք:
Գործազուրկ անձանց երաշխավորվում է`

  • առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալու դեպքում` գործազրկության նպաստի վճարում,  
  • կրթաթոշակի վճարում` մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում,
  • 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն գործազուրկները, ովքեր ունեն առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ, և որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի, ունեն լրացուցիչ սոցիալական երաշխիքների իրավունք` Հայաստանի Հանրապետության  կառավարության  սահմանած կարգով:

("Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդված 28)

Հարց 8. Ում, որքան ժամանակով և ի՞նչ չափով է տրվում գործազրկության նպաստը:   
Գործազրկության նպաստ է նշանակվում գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձանց, ովքեր չեն ստանում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անձանց) և ունեն առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ:

  • Զբաղվածության պետական ծառայությունը գործազուրկին գործազրկության նպաստ է նշանակում գործազուրկի կարգավիճակ ստանալու օրվանից: 
  • Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս:     
  • Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:
  • Գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում գործազրկության նպաստի ստացման առավելագույն տևողությունը սահմանվում է 12 ամիս:
  • Եթե անձը գործազուրկի կարգավիճակ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նա գործազրկության նպաստի ստացման իրավունք   կարող է ունենալ, եթե զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո ձեռք է բերել առնվազն մեկ տարվա  ապահովագրական ստաժ: 
  • Գործազրկության նպաստի չափը սահմանվում է "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով:  

("Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" ՀՀ օրենքը, հոդված 29, 30)

Հարց 9. Ի՞նչ չափով է տրվում կրթաթոշակը:
Զբաղվածության պետական ծառայության ուղեգրերով նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման, վերամասնագիտացման կամ որակավորման բարձրացման ուղարկվող գործազուրկ անձանց ուսուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ:
Ամսական կրթաթոշակի չափը սահմանվում է`

  • գործազրկության նպաստ ստացող անձանց համար` նշանակված գործազրկության նպաստի 120 տոկոսի չափով.  
  • գործազրկության նպաստ ստանալու իրավունք չունեցող անձանց համար` "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:  

("Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, հոդված 31)

Հարց 10.  Ինչպիսի՞ն է գործազրկության նպաստի վճարման  կասեցումը, վերականգնումը և դադարեցումը:
1) Գործազրկության նպաստի վճարումը կասեցվում է, եթե անձը գործազրկության նպաստի ստացման ժամանակաշրջանում ընդգրկվում է վարձատրվող հասարակական աշխատանքներում, տեղավորվում է ժամանակավոր աշխատանքի կամ զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնակցում է մասնագիտական ուսուցման դասընթացներին` վարձատրվող հասարակական կամ ժամանակավոր աշխատանքի` մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությանը համապատասխան ժամկետով:  
2) Եթե գործազրկության նպաստի վճարման կասեցման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո անձն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք, ապա զբաղվածության պետական ծառայությունը վերականգնում է գործազրկության նպաստի վճարումը կասեցման ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից:
3) Զբաղվածության պետական ծառայության կողմից երկու ամիս ժամկետով կասեցվում է գործազրկության նպաստի վճարումը, եթե գործազուրկը մեկ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից, իսկ ժամանակավոր աշխատանքի, մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելուց հրաժարվելու դեպքում` դրանց տևողությանը համապատասխան ժամկետով: 4) Զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ`   

  • գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից.
  • գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայացել աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար, եթե չներկայանալը կապված չէ գործազուրկի հիվանդության հետ.  
  • գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ.   
  • գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով. 
  • գործազուրկը հրաժարվել է զբաղվածության պետական ծառայության ուղեգրով մասնագիտական ուսուցումից հետո ձեռք բերած մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանքից.   
  • օրինական ուժի մեջ է մտել դատարանի դատավճռով գործազուրկին ազատազրկելու մասին դատարանի դատավճիռը, կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվել է հարկադիր բուժման.
  • գործազուրկը մահացել է:   

Ազատազրկման կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցի կիրառման  վայրից վերադառնալուց հետո գործազրկության նպաստը նշանակվում է ընդհանուր հիմունքներով:  
5) Եթե անձը գործազրկության նպաստ ստանալու, ինչպես նաև մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ֆինանսական աջակցություն ստանալու պահին զբաղված է եղել սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով, ներկայացրել է ոչ հավաստի տվյալներով փաստաթղթեր, ապա նրա կողմից ստացած գործազրկության նպաստը կամ կրթաթոշակը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ստացած ֆինանսական միջոցներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման՝ օրենքով սահմանված կարգով:       
("Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին" Հայաստանի Հանրապետության օրենք, հոդված 38)

Հարց 11. Որո՞նք են հարմար աշխատանքի չափանիշները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված անձին առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշներն են.
ա) գործազրկության ամսական նպաստի եռակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը,
բ) միևնույն համայնքի տարածքում (Երևան քաղաքում) գտնվող այն աշխատավայրը, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):
(ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 11-ի թիվ 589-Ն որոշմամբ հաստատված հավելված)

Հարց 12. Ո՞ր աշխատանքներն են համարվում վարձատրվող հասարակական աշխատանքներ:
Վարձատրվող հասարակական աշխատանքները գործազուրկների և աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման, նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող և մատչելի աշխատանքների իրականացման ծրագիր է, որն ունի սոցիալական օգտակար ուղղվածություն եւ նպատակաուղղված է համայնքի սոցիալ-կենցաղային նշանակության աշխատանքների կատարմանը:
(ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետ)

Հարց 13.  Ովքե՞ր կարող են մասնակցել վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրին:
Ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության մարզային կամ տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաև աշխատանք փնտրող այլ անձինք:
(ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետ, փոփոխվել է 24.11.05 թիվ 2139-Ն, 05.04.07 թիվ 363-Ն որոշումներով)
   
Հարց 14. Որքա՞ն է ծրագրում ընդգրկված անձանց վարձատրության չափը:

Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար սահմանվում է "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի 8 տոկոսի չափով, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը և սոցիալական վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի "Վարձատրվող հասարակական աշխատանքներ" ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի թիվ 1854-Ն որոշման 2-րդ կետ,  փոփոխվել է 24.11.05 թիվ 2139-Ն, 05.04.07 թիվ 363-Ն որոշումներով):
Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձը, ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, որպես եկամուտ չի հաշվարկվում: Ծրագրում ընդգրկված անձանց վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջները:
(ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ և 6-րդ կետեր)

    Ձևավորումը "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնի