Մեր մասին Ոլորտներ Կենսաթոշակային բարեփոխումներ Օրենսդրություն Ծրագրեր և նախագծեր Հարց - Պատասխան Լուրեր Տեղեկատու Սկիզբ
     
  ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԱՐԱՆ
  ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ
  ՖՈՐՈՒՄՆԵՐ
 
Տեխնոլոգիաներ
 
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Հարց - Պատասխան Երեխաների հիմնահարցերի օրենսդրություն  
Սոցիալական աջակցություն
Ընտանեկան նպաստ
Սոցիալական ապահովության քարտեր
Սոցիալական ապահովագրության օրենսդրություն
Կենսաթոշակային ապահովության օրենսդրություն
Հաշմանդամների և տարեցների օրենսդրություն
Աշխատանքի օրենսդրություն
Աշխատավարձի օրենսդրություն
Զբաղվածության օրենսդրություն
Երեխաների հիմնահարցերի օրենսդրություն
Մասնագիտական կողմնորոշում

Պարզաբանումներ երեխաների որդեգրման կարգի վերաբերյալ

Հարց 1. Որո՞նք են որդեգրելու պայմանները:
Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց խնդրանքով, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածու: Եթե միևնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա:

Հարց 2. Ո՞ր մարմիններն են տալիս որդեգրման մասին եզրակացություն:
Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն տալիս և որդեգրել ցանկացող անձանց հաշվառում են որդեգրման հարցերով հանրապետական և մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովները: ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար համատեղ հրաման 15 նոյեմբերի 2005թ. ԱՀ-19, 17 նոյեմբերի 2005թ. N155-Ե «ՀՀ մարզպետարանների (Երևանի մարզպետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին»:

Հարց 3. Ինչպե՞ս են հաշվառվում ՀՀ-ում բնակվող և որդեգրել ցանկացող ՀՀ քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովին` ներկայացնելով`

  • դիմում,
  • անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
  • տեղեկանք բնակության վայրից` բնակարային պայմանների և ընտանիքի կազմի մասին,
  • տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին (եթե աշխատում է),
  • բնութագիր` տրված վստահություն վայելող առնվազն երեք անձանց (կազմակերպությունների) կողմից,
  • հարկային օրենսդրությանը համապատասխան տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կամ հարկային (բանկային) տեղեկանք,
  • առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ` տրված ըստ բնակության վայրի բժշկական հաստատության, համապատասխան մասնագիտացված կենտրոնների (մասնագետների) կողմից,
  • ամուսնության վկայական (եթե ամուսնացած է),
  • մահվան վկայական (եթե մահացած է),
  • որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալներ` տարիքը, սեռը, երեխաների թիվը և այլն (եթե նա չունի ընտրած երեխա):

Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների /ծնողի/ գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:

Հարց 4. Ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող անձը հաշվառվում որպես որդեգողի թեկնածու:
Որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մարզային հանձնաժողովը մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ: Մարզային հանձնաժողովը որդեգրել ցանկացող անձից ստացված փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա, տալիս է որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը, նրան վերցնում հա?վառման որպես որդեգրողի թեկնածու:
Եթե մարզային հանձնաժողովը կայացրել է որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացության, ապա այն կայացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:

Հարց 5. Ինչպե՞ս են հաշվառվում որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիները:
Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել, անձամբ, իրենց լիազորած անձի, ինչպես նաև տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով դիմում են հանրապետական հանձնաժողովին, ներկայացնելով`

  • դիմում,
  • անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթ,
  • իրենց պետության իրավասու մարմնի (կազմակերպության) թույլտվությունը կամ երաշխավորագիրը` իրենց կողմից որդեգրելու վերաբերյալ,
  • տեղեկանք բնակարային պայմանների և ընտանիքի կազմի մասին,
  • տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին (եթե աշխատում է),
  • բնութագիր` տրված վստահություն վայելող առնվազն երեք անձանց (կազմակերպությունների) կողմից,
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան տրված եկամուտների վերաբերյալ հայտարարագիր կամ հարկային (բանկային) տեղեկանք,
  • բժշկական փաստաթուղթ առողջական վիճակի վերաբերյալ,
  • ամուսնության վկայական (եթե ամուսնացած է),
  • մահվան վկայական (եթե ամուսինը մահացած է),
  • դատվածության վերաբերյալ տեղեկանք,
  • որդեգրման ենթակա երեխայի մասին տվյալներ` տարիքը, սեռը, երեխաների թիվը և այլն (եթե նա չունի ընտրած երեխա):

Եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած` որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:
Եթե որդեգրող ցանկացող օտարերկրյա քաղաքացին համապատասխան փաստաթղթերը հանրապետական հանձնաժողով է ներկայացրել լիազորված անձի միջոցով, ապա ներկայացվող փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի իր կողմից այդ անձին սահմանված տրված լիազորագիրը:
Հանրապետական հանձնաժողովը 10-օրյա ժամկետում որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ըստ անհրաժեշտության կարող է պահանջել տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության, հայ համայնքի, հայկական եկեղեցու, վստահություն վայելող անձանց (կազմակերպությունների) երաշխավորագրերը:

Հարց 6. Ո՞ր պայմանի դեպքում է որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին հաշվառվում որպես որդեգրողի թեկնածու:
Հանրապետական հանձնաժողովը որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմիններին կատարած հարցման միջոցով անցկացնում է այդ անձի և նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում համապատասխան ակտ:
Հանրապետական հանձնաժողովը որդեգրող ցանկացող օտարերկրյա քաղաքացուց ստացած փաստաթղթերի և կազմված ակտի հիման վրա տալիս է որդեգրման հնարավորության մասին գրավոր եզրակացություն և դրական եզրակացության դեպքում լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը:
Եթե հանրապետական հանձնաժողովը տալիս է որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն, ապա այն տալուց հետո մեկշաբաթյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին: Դիմողը որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացությունը կարող է բողոքարկել դատական կարգով:

Հարց 7. Ո՞ր երեխաները կարող են հաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխաներ:
Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:
Որդեգրումն առաջանում է այն անչափահաս երեխաների նկատմամբ, որոնց միակ ծնողը կամ երկու ծնողները`

ա) մահացել են,
բ) զրկված են ծնողական իրավունքից,
գ) դատական կարգով ճանաչված են անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
դ) տվել են որդեգրման գրավոր համաձայնություն,
ե) մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն բնակվում և, չնայած խնամակալության և հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են երեխայի դաստիարակությունից ու խնամքից, երեխայի նկատմամբ չեն դրսևորում ծնողական հոգատարություն և ուշադրություն,
ե) անհայտ են (ընկեցիկ երեխաներ),
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Ընկեցիկ երեխաները կարող են որդեգրման հանձնվել ոստիկանության ներկայացրած համապատասխան ակտի առկայության դեպքում` ընկեցիկության ակտը կազմվելուց հետո 3 ամսից ոչ ուշ:
Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց ծնողները տվել են գրավոր համաձայնություն` իրենց երեխայի որդեգրման համար:

Հարց 8. Ինչպե՞ս կարելի է որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ ստանալ:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունները տրամադրում է հանրապետական և մարզային հանձնաժողովին,նաև իրավասու մարմիններին` նրանց գրավոր հարցման հիման վրա:
Եթե որդեգրողի թեկնածուն չունի որդեգրման ենթակա երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից արված գրավոր նախնական համաձայնություն երեխային որդեգրելու վերաբերյալ, որդեգրողի թեկնածուն դիմում է իր բնակության վայրի մարզային հանձնաժողովին (օտարերկրյա քաղաքացին` համրապետական հանձնաժողովին)` որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
Ստացված տեղեկությունների հիման վրա որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում մարզային (հանրապետական) հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տեղեկացնում է դրա մասին և, եթե այլ որդեգրողի թեկնածու ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածուի հանդիպում:
Որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի ծնողների միջև գրավոր նախնական համաձայնության առկայության դեպքում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում: Որդեգրողի թեկնածուի կողմից այդ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում որդեգրման ենթակա երեխան հանվում է հաշվառումից:

Հարց 9. Ինչպե՞ս է կայացվում որդեգրման մասին որոշումը:
Որդեգրողի թեկնածուն ընտրված երեխայի կապակցությամբ դիմում է իր կամ որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի համայնքի ղեկավարին` սահմանված կարգով որդեգրման մասին որոշում ընդունելու համար:
Որդեգրման մասին որոշում ընդունելու համար համայնքի ղեկավարին պետք է ներկայացվի`

  1. Տեղեկանք որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին,
    • դիմում` ընտրված երեխային որդեգրելու խնդրանքով,
    • որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,
    • անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
    • առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ,
    • որդեգրման ենթակա երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը փոփոխելու վերաբերյալ առաջարկություն:

    Եթե որդեգրման ենթակա երեխան որդեգրվում է երկու ամուսինների կողմից, ապա տրվում է համատեղ դիմում: Երեխան մեկ ամուսնու կողմից որդեգրվելու դեպքում դիմումին կցվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

  2. Ծնողներ ունեցող որդեգրման ենթակա երեխայի ծնողների կողմից` երեխային որդեգրման հանձնելու մասին գրավոր համաձայնություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
    Եթե երեխան գտնվում է խնամակալության (հոգաբարձության) ներքո, ապա պետք է ներկայացվի նաև երեխայի խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը.
  3. Այն հաստատության ղեկավարի կամ այն անձի կողմից, ում մոտ գտնվում է որդեգրման ենթակա երեխան`
    • երեխայի ծննդյան վկայականը,
    • որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր`
      • ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները),
      • ծնողի (ծնողների) ծնողական իրավունքից զրկելու,
      • ծնողներին անգործունակ,
      • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը (պատճենները),
      • երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը,
      • երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,
    • երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից.
  4. Որդեգրվող տասը տարեկան երեխայի կամ օրինական ներկայացուցիչների կողմից`
    • երեխայի գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,
    • ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը,
    • որդեգրվող երեխայի ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ նրա հարաբերությունները պահպանելու մասին պետք է մատնանշված լինի որդեգրման վերաբերյալ որոշման մեջ:

Որդեգրման համար ծնողների համաձայնության դեպքում, եթե երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել խորթ հայրը, խորթ մայրը, երեխայի ազգականները և այլ քաղաքացիներ, ապա նախապատվությունը տրվում է խորթ հորը, խորթ մորը կամ ազգականներին:
Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշում ընդունում է ոչ ուշ, քան փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
Համայնքի ղեկավարը օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության հիման վրա:
Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որդեգրման մասին որոշում:
Համայնքի ղեկավարը որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունում է նշված փաստաթղթերը սահմանված կարգով չներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության բացակայության դեպքում: Որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը դրա մասին տեղեկացնում է դիմողին: Դիմողը մերժման մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:
Որդեգրողները պարտավոր են անձամբ` ստանալ որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշումը, իրենց մոտ վերցնել երեխային նրա բնակության կամ գտնվելու վայրից` ներկայացնելով որդեգրման մասին որոշումը և անձը հաստատող փաստաթուղթ:

    Ձևավորումը "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնի