|
|
|
Համարը
|
ՀՕ-11-Ն |
Տեսակը
|
Մայր |
|
Տիպը
|
Օրենք |
Կարգավիճակը
|
Գործում է |
|
Սկզբնաղբյուրը
|
ՀՀՊՏ 05.11.03./55(290) Հոդ.1016 |
Ընդունման վայրը
|
Երևան |
|
Ընդունող մարմինը
|
ՀՀ Ազգային ժողով |
Ընդունման ամսաթիվը
|
23.09.2003 |
|
Ստորագրող մարմինը
|
ՀՀ Նախագահ |
Ստորագրման ամսարիվը
|
22.10.2003 |
|
Վավերացնող մարմինը
|
|
Վավերացման ամսաթիվը
|
|
|
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
|
15.11.2003 |
Ուժը կորցնելու ամսաթիվը
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
- Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա:
Հոդված 2. Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը
- Տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
- Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. տեղեկատվության ազատություն` տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացում. տեղեկություն` անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ). տեղեկատվություն տնօրինող` տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններ, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններ և դրանց պաշտոնատար անձինք. հանրային նշանակության կազմակերպություն` ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ. հարցում` տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմում. հրապարակում` տեղեկությունը մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (այսուհետ` Ինտերնետ), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը և մատչելի դարձնելը:
Հոդված 4. Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքները Տեղեկատվության ազատության ապահովման հիմնական սկզբունքներն են`
- տեղեկությունները գրանցելու, դասակարգելու և պահպանելու միասնական կարգի սահմանումը.
- տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության պաշտպանությունը.
- տեղեկություններ տրամադրելու մատչելիության ապահովումը.
- հրապարակայնությունը:
Հոդված 5. Տեղեկատվությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 6. Տեղեկատվության ազատության իրականացումը
- Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը:
- Օտարերկրյա անձինք սույն օրենքով նախատեսված իրավունքներից և ազատություններից կարող են օգտվել միայն օրենքով և (կամ) միջազգային պայմանագրով սահմանված դեպքերում:
- Տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 7. Տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը
- Տեղեկատվություն տնօրինողն օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը փակցնում է իր գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում:
- Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը:
- Եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող հետևյալ տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները.
- հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները.
- բյուջեն.
- գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները.
- հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները.
- աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը.
- շրջակա միջավայրի վրա ներգործությունը.
- հասարակական միջոցառումների ծրագրերը.
- քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը.
- աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները).
- տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը.
- ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը.
- սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
- սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
- Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
- Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված տեղեկությունները հրապարակվում են հանրության համար մատչելի ձևով, տեղեկատվություն տնօրինողի ինտերնետային էջի առկայության դեպքում` նաև դրանով:
- Հանրային նշանակության, ինչպես նաև բյուջեից հատկացում (ֆինանսավորում) ստացող կազմակերպությունները կարող են չհրապարակել սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում սահմանված տեղեկությունները և դրանց փոփոխությունները:
Հոդված 8. Տեղեկատվության ազատության սահմանափակումները
- Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա`
- պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
- խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
- պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
- բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
- խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները:
- Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
- Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե դա`
- վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաև տարերային (ներառյալ` պաշտոնապես կանխատեսվող) աղետներին և դրանց հետևանքներին.
- ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը.
- չտրամադրելը բացասական ազդեցություն կունենա Հայատանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և հոգևոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:
Հոդված 9. Հարցումը ներկայացնելու և քննարկելու կարգը
- Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը):
- Գրավոր հարցումների գործավարությունն իրականացվում է քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով` գործավարության մյուս ձևերից առանձին:
- Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե`
- դա չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր տվյալները.
- պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են.
- դա նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին
6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի:
- Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը:
- Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը և ազգանունը: Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե`
- պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
- անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
- անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը:
- Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: Եթե բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատ?սխանել բանավոր հարցմանը:
- Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում.
- եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
- Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով: Եթե նյութական կրիչը նշված չէ, և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը` սույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:
- Սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում հարցմամբ դիմողն իր ցանկությամբ կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը:
- Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում` արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:
- Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում` արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:
Հոդված 10. Տեղեկությունների տրամադրման պայմանները
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
- բանավոր հարցումներին պատասխանելիս.
- մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.
- տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.
- սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս.
- սույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ տրամադրելիս.
- տեղեկության տրամադրումը մերժելիս:
- Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը:
- Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:
Հոդված 11. Տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը
- Տեղեկության տրամադրումը մերժվում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դեպքերում կամ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարվելու դեպքում:
- Տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը, եթե տվյալ պահին դա խոչընդոտում է տեղեկատվություն տնօրինողի հիմնական պարտականությունների կատարմանը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
- Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը:
- Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:
Հոդված 12. Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով`
- ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը.
- իրականացնել իր տնօրինության տակ գտնվող տեղեկությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը.
- տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի և իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն.
- սահմանել իր կողմից բանավոր և (կամ) գրավոր տեղեկությունների տրամադրման կարգը.
- նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձին:
Հոդված 13. Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու անձը
- Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը կարող է լինել տեղեկատվություն տնօրինողի նշանակած պաշտոնատար անձը կամ տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը:
- Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձն օրենսդրությամբ սահմանված կարգով`
- ապահովում է տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողի պարտականությունների իրականացումը.
- տեղեկություն փնտրողին մատչելի ձևով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները և ձևերը.
- մշակում է ստացված հարցումների վիճակագրական և ամփոփ տվյալները:
Հոդված 14. Պատասխանատվությունը տեղեկատվության ազատության խախտման համար
- Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:
- Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկության հրապարակումը չի կարող առաջացնել վարչական կամ քրեական պատասխանատվություն:
Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
- Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան
2003 թ. հոկտեմբերի 22 Երևան ՀՕ-11-Ն
|
|