|

1. "Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին"
"Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին" ծրագիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է իրականացնել 2003թ-ից: Ծրագրի իրականացման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության և Եվրահանձնաժողովի Պարենային ապահովության ծրագրի միջև 2001թ. ընդունված փոխըմբռնման հուշագրի նախապայմանների 4-րդ կետը, "Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին" ՀՀ օրենքի (24.09.2002թ. ՀՕ-421-Ն) 9-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 2003թ-ի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված "Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին" ծրագիրը: Ծրագիրը 2003-2005թթ. իրականացրել է "Հայ ժողովրդավարական ֆորում" հասարակական կազմակերպությունը (ղեկավար` Լյուդմիլա Հարությունյան), 2006թ. մինչ այժմ` "Հայ օգնության միություն" հասարակական կազմակերպությունը (ղեկավար` Ալվարդ Պետրոսյան): 2003թ. մինչ այժմ ծրագրով տրամադրված միջոցների հաշվին ոսումնասիրվել են մանկատների 356 շրջանավարտներ, որոնցից 282-ը (ներառյալ 2008թ.) դարձել են ծրագրի շահառուներ: Ուսումնասիրված 40 շրջանավարտներ ընդգրկված են հերթացուցակում և շահառու կդառնան հետագա տարիների ծրագրերի իրականացման ժամանակ: Մնացած 34-ը կամ չեն բավարարում ծրագրով սահմանված չափորոշիչներին, կամ ծնողներից մնացած սեփականություն ունեն, կամ էլ բացակայում են հանրապետությունից: Նրանց բոլորի անհատական նկարագրերը պահպանվում են նախարարությունում:
Ծրագրով իրականացված միջոցառումները հետևյալն է` 2003-2008 թվականների ընթացքում Շահառու է դարձել 282 շրջանավարտ 24 շահառու ստացել է մասնագիտական վերապատրաստում 57 շահառու ստացել է առաջնային մասնագիտական ուսուցում 60-ը` մասնագիտական վերապատրաստում 13-ը` միջին մասնագիտական կրթություն 17-ը` բարձրագույն կրթություն 82 նոր շրջանավարտները` միանվագ դրամական օգնություն 237-ը` բուժզննում և բժշկական աջակցություն 25-ը` վիրահատություն 4 դատական գործի կարճում
2. "Մանկական խնամակալական կազմակերպությունների բեռնաթափում"
Ծրագիրը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԵՀ Պարենային ապահովման ծրագրի գրեսենյակի և ԵՀ Տասիսի փորձագետների համագործակցությամբ: Ծրագիրը սկսվել է իրականացվել 2006թ-ից Լոռու մարզում: Լոռու մարզն ընտրվելու հիմքերն են` ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեցող 5 հաստատությունների առկայությունը (1 մանկատուն և 4 հատուկ հանրակրթական հաստատություն), Երեխաների պաշտպանության գործող ենթակառուցվածքների առկայությունը` 1 ցերեկային կենտրոն Վանաձորում, որը տրամադրում է սոցիալական և հոգեբանական աջակցություն ընտանիքներին, 1 հոգեբանական աջակցության կենտրոն, 39 ակտիվ և փորձառու հասարակական կազմակերպություններ, պետական կառույցներ:
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
- Ընտրված մարզում երեխաների պաշտպանության համակարգի ներկայացուցիչների շրջանում իրազեկվածության բարձրացում
- Ընտանիքներում տեղավորված երեխաներ (կենսաբանական ընտանիք, հարազատների ընտանիք)
- Երեխաներին մանկական խնամակալական կազմակերպություններ տեղավորելու ռիսկից դուրս ընտանիքներ
- Շահառու ընտանիքիներին առաջարկվող ծառայությունների մշակված փաթեթ
- Հանրապետության ամբողջ տարածքում կիրառելի մշակված մոդել
2006թ. մինչ այժմ ծրագիրն իրականացվում է "Առավոտ" հասարակական կազմակերպության կողմից: Հաստատություններից ընտանիքներ են վերադարձվել 80 երեխա, 20 երեխայի մուտքը հաստատություններ կանխարգելվել է: Ծրագիրն շարունակական է, նախատեսվում է 2009թ. ծրագրում ընդգրկել նաև Շիրակի մարզը:
3. "Պետական աջակցություն "Հույսի կամուրջ" ՀԿ երեխաների խնամքի չորս ցերեկային կենտրոններին"
Ծրագիրը մշակվել է2001թ-ից "Հույսի կամուրջ" ՀԿ-ն հիմնել է համայնքային ծառայություն մատուցող երեխայի զարգացման կենտրոններ` Դիլիջանում, Իջևանում, Բերդում և Նոյեմբերյանում: Կենտրոնների մատուցած ծառայություններից օգտվում են հաշմանդամ կամ սոցիալ - հոգեբանական այլ խնդիրներ ունեցող երեխաներ և պատանիներ: Երեխայի զարգացման կենտրոնների աշխատանքի հիմնական ուղղությունն է հաշմանդամ երեխաների սոցիալական ներառումը: Ծրագրի շահառուներն են 4 համայնքների թվով 750 հաշմանդամ և այլ սոցիալական հատուկ կարիք ունեցող երեխաները, ինչպես նաև ոչ հաշմանդամ երեխաները: Կենտրոնները գործում են համաֆինանսավորման սկզբունքով` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, "Հույսի կամուրջ" ՀԿ և համայնքներ: 2007թ-ից նախարարությունը վճարում է կենտրոնների աշխատողների աշխատավարձը և սոցիալական վճարները:
4. Խնամատար ընտանիք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադարամի հետ համատեղ 2006-2007թթ. իրականացրել է "Խնամատար ընտանիքի ծառայություն" ծրագիրը, որով Գեղարքունիքի և Լոռու մարզերի 20 երեխաներ խնամվել են 17 խնամատար ընտանիքներում: 2007թ. ընթացքում յուրաքանչյուր երեխայի խնամքի համար խնամատար ընտանիքները ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից ստացել են 140 ԱՄՆ դոլարի համարժեք գումար: 2008թ-ից ծրագիրը իրականացվում է ՀՀ պետական բյուջեով տրամադրված միջոցների հաշվին: ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 8-ին ընդունել է "Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողների վարձատրության կարգն ու չափը և խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին" N459-Ն որոշումը: Սկսվել է 20 խնամատար ծնողների հետ պայմանագրերի կնքումը Կոտայքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում, որի համաձայն խնամատար ծնողները ամեն ամիս մեկ երեխայի խնամքի համար կստանան վարձատրություն նվազագույն աշխատավարձի չափով, ինչպես նաև երեխայի խնամքի համար` մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով: Երկու երեխայի համար նրանք կստանան նշված գումարները 150 տոկոսի չափով, իսկ 3 և ավելի երեխաների համար` 200 տոկոսի չափով:
|